Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ ասուլիսում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե մանուել Բարոզուի հայտարարությունը խիստ հավասարակշռված է եղել եւ համահունչ միջազգային հանրության կարծիքին: Այս մասին «Արմենպրես» գործակալությանը հայտնել է Եվրոպական հանձնաժողովի նախագահի մամուլի խոսնակ Մայքլ Կատնիչնիկը:
Հիշեցնենք, որ 2011-ի հունվարի 13-14-ը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Բարոզուն պաշտոնական այցով գտնվել է Բաքվում, որտեղ իր անհանգստությունն է կիսել Ադրբեջանի նախագահի հետ` կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի պակասի հետ: Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում նշված է, թե իբր Ժ. Բարոզուն ասել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է ընթանա տարածքային ամբողջականության սկզբունքի համաձայն, եւ թե իբր իրենք ցանկանում են, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնվի: Հետաքրքրական է, որ Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքում նման հայտարարության մասին խոսք անգամ չկա:
Այս հակասության առնչությամբ, Մայքլ Կատնիչնիկը նշել է. «Ես չեմ տեսել այն տեքստը, որը դրվել է Ադրբեջանի նախագահի կայքում, սակայն պետք է հաշվի առնել այն, ինչ մեր կայքում է տեղադրված, այլ ոչ թե ուրիշների ասածները»: Նա հավելել է, որ, իհարկե, Ժ.Բարոզուն տարբեր առիթներով նշել է տարածքային ամբողջականությունը` որպես հակամարտությունների կարգավորման սկզբունքներից մեկը, որը պետք է հարգվի բանակցային գործընթացում:
«Ինչպես գիտեք, դա այն կարեւորագույն սկզբունքներից մեկն է, որի շուրջ համաձայնության է եկել համաշխարհային հանրությունը. մյուս երկու սկզբունքները ազգերի ինքնորոշումն ու հակամարտությունների խաղաղ կարգավորումն են»,- ընդգծել է Մ.Կատնիչնկիը` շեշտելով, որ նախկինում եւս Եվրոպական հանձնաժողովի նախագահը մի քանի անգամ շեշտել է հակամարտությունների դիվանագիտական կարգավորման կարիքը, եւ այն, որ ռազմատենչ հռետորաբանությունը կողմերին էլ օգտակար չի լինի:
«Բացի այդ, մենք ամբողջովին աջակցում ենք Մինսկի խմբի ջանքերին, որը գործում է ԵԱՀԿ հովանու ներքո, եւ Եվրոպական Միությունը ավելի օգտակար գտնվել գործընթացում, եթե նման դիմում լինի կողմերից»,- ասել է Մ.Կատնիչնիկը:



























