Կիպրոսի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունվարի 17-ին Կիպրոսի առեւտրաարդյունաբերական պալատում ներկա է գտնվել երկու երկրների գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվող գործարար համաժողովի բացմանը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ողջունել է  համաժողովի մասնակիցներին եւ հյուրերին, խոսել` հայ-կիպրական տնտեսական համագործակցության ներկայիս վիճակի եւ զարգացման հեռանկարների, Հայաստանի եւ Կիպրոսի առեւտրաարդյունաբերական պալատների, գործարար միությունների, ներդրումներն ու առեւտուրը խթանող կառույցների միջեւ կապերի հաստատման ու ամրապնդման, ինչպես նաեւ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացմանն ուղղված երկկողմ ջանքերին ամենաբարձր մակարդակով` երկու երկրների իշխանությունների կողմից հետեւողական աջակցության  մասին:

Հայ-կիպրական գործարար համաժողովի բացման ժամանակ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, նշել է, որ երկու երկրների տնտեսական համագործակցության պատկերը, մեղմ ասած, համապատասխան չէ մեր բարեկամ ժողովուրդների հարաբերությունների բնույթին եւ ոգուն եւ որ այդ բացը լրացման կարիք ունի:

«Պետք է շտկել այս վիճակը, ծավալել փոխշահավետ այնպիսի առեւտրատնտեսական, գործարար համագործակցություն, որի արդյունքներն ամենամոտ ապագայում տեսանելի կլինեն:

Օրերս Երեւանում գումարվեց Հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Այդ ձեւաչափը համագործակցության ընդլայնման ուղղությամբ հետեւողական քայլեր ձեռնարկելու լավ հնարավորություն է:

Կապերի զարգացման ներուժի առումով կցանկանայի հատուկ առանձնացնել բանկային եւ զբոսաշրջության ոլորտները։ Այս այցի ընթացքում ստորագրվել է երկու երկրների կառավարությունների միջեւ զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին Համաձայնագրի իրագործման 2011-2012թթ. համատեղ գործողությունների Ծրագիրը, որն այդ ոլորտում արդյունավետ գործակցության համար լավ հիմք է ապահովում։

Կարեւորում եմ նաեւ գյուղատնտեսության եւ սննդամթերքի արտադրության ոլորտում, հատկապես օրգանական սննդամթերքի արտադրությամբ զբաղվող գործարարների միջեւ փորձի փոխանակման, ներդրումների իրականացման եւ համատեղ ձեռնարկությունների ստեղծման անհրաժեշտությունը»,- ասել է Հայաստանի նախագահը: