Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը անցած շաբաթ կոշտ բովանդակությամբ նամակ է հղել իր վրացի գործընկեր Գրիգոլ Վաշաձեին՝ պահանջելով դադարեցնել գործարարներ Ռոնի Ֆուքսի եւ Զեեվա Ֆրենկելի դատական հետապնդումը: Այդ մասին հաղորդում է IzRus-ը:
Նշենք, որ գործարարները ձերբակալվել էին Բաթումիում 2010թ. հոկտեմբերին, եւ այժմ նրանց նկատմամբ քրգործ է հարուցված՝ Վրաստանի ֆինանսների փոխնախարար Ավթանդիլ Խարիաձեին կաշառք տալու փորձի մեղադրանքով:
«Եդիոտ Ախրոնոտ» թերթի տվյալներով, Լիբերմանը հայտարարել է, թե մեղադրանքները մտացածին են, եւ որեւէ հիմք չունեն: Իսկ այն, որ Վրաստանի իշխանություններն իրենք են հրավիրել Ֆուքսին եւ Ֆրենկելին ու ձերբակալել, կարող է զգալի խոչընդոտ լինել երկու երկրների հարաբերությունների զարգացման ճանապարհին, քանի որ իսրայելցի գործարարները ներկայումս մտավախություն ունեն վրացական կողմի հետ համագործակցելու հարցում:
Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները նկատել էին, որ Վրաստանում ձերբակալված գործարարները Լիբերմանի անձնական ընկերներն են:





























