Իրանում դադարեցվել է 43-ամյա Սակինե Աշտիանիի մահապատժի իրականացումը:

«Սակինե Աշտիանիի նկատմամբ կայացված քարկոծման եղանակով մահապատժի դատավճիռը չի իրագործվել եւ ներկայումս դադարեցվել է, բայց նա դատապարտվել է 10 տարվա ազատազրկման»,- ասել է Իրանի մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահը՝ Բրազիլիայի նոր նախագահ Դիլմա Ռուսեֆֆին հղած նամակում:

Դատավճիռը դադարեցվել է, քանի որ սպանվածի հարազատները հայտնել են, որ ներում են մեղադրյալին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Աշտիանին 2006թ. քարկոծման եղանակով մահապատժի էր դատապարտվել ամուսնական անհավատարմության եւ ամուսնու սպանության մեղադրանքով: Նրա փաստաբանները պնդում են, որ ինքնախոստովանական ցուցմունքները կորզվել են ճնշման տակ:

Աշտիանիի գործը միջազգային մեծ արձագանք էր ստացել, եւ բազմաթիվ հայտնի անձինք պահանջել էին չեղյալ հայտարարել մահապատիժը: