Թուրքիան չի պատրաստվում անվերջ ծեծել Եվրամիության դռները եւ խնդրել իրեն թույլ տալ անդամակցել այդ կազմակերպությանը: Հունվարի 17-ին նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Newsweek ամսագրի էջերում:
«Մեր եվրոպական ընկերները պետք է հասկանան, որ ԵՄ-Թուրքիա հարաբերությունները մոտենում են բեկումնային պահի: Մենք այլեւս այն երկիրը չենք, որը պետք է սպասի ԵՄ դռների մոտ որպես հնազանդ այցելու»,- ասված է Էրդողանի հոդվածում:
Թուրքիայի ԵՄանդամակցության շուրջ բանակցություններն սկսվել են 2005-ից, սակայն դրանք անմիջապես լուրջ խոչընդոտների հանդիպեցին, քանի որ Անկարան հրաժարվում է ճանաչել Կիպրոսի հանրապետությունը, որը ԵՄ անդամ է 2004-ից:
Բացի այդ, Ֆրանսիան եւ Գերմանիան դեմ են հանդես գալիս ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ ամդամակցությանը: Եվրոպայում տարածված է կարծիքը, որ չի կարելի Եվրամիություն թողնել 75 մլն բնակչություն ունեցող մահմեդական երկրին:
Մեկնաբանելով այս իրավիճակը, Էրդողանը գրում է. «Անդամակցության գործընթացը բախվում է ԵՄ հայտնի անդամների կազմակերպված դիմադրության: Բանակցությունների 22 կետերից 18-ը, որոնք սպասում են քննարկման, ձգձգվում են քաղաքական նկատառումներով: Դա սկսում է նմանվել բյուզանդական քաղաքական խարդավանքի, որին մինչ օրս չէր բախվել ոչ մի թեկնածու երկիր»:
Թուրքիայի վարչապետի կարծիքով, Եվրոպան ուղղակի չի կարող շրջանցել Թուրքիան, որը դառնում է գլոբալ եւ տարածաշրջանային խաղացող եւ որի դիվանագիտական ջանքերը արդյունք են տալիս Իրաքում, Աֆղանստանում ու Բալկաններում, ինչպես նաեւ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդրում»:
Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա ըստ Էրդողանի, Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության կանխատեսումներով, Թուրքիան 2050 թվականին իր ՀՆԱ-ով 2-րդը կլինի Եվրոպայում:
«Համաշխարհային կարգ ու կանոնի փոփոխվող պայմաններում, երբ ուժերի հարաբերակցության հավասարակշռության շարժեր են լինում, ԵՄՆ-ն ինչպես երբեք Թուրքիայի կարիքն ունի, որպեսզի դառնա ավելի ուժեղ, հարուստ եւ ավելի պաշտպանված միություն: Հույս ունեմ, որ մեր եվրոպացի ընկերներն իրենց համար կբացահայտեն այդ փաստը վաղ, թե՝ ուշ»,- ընդգծել է Էրդողանը:





























