Թուրքիան իր հակասական կեցվածքով, իրարամերժ հայտարարություններով եւ հայ-թուրքական գործընթացի անհիմն շահարկումներով խափանեց այդ հարաբերությունները նույնիսկ փոքր քայլերով հարթելու Հայաստանի անկեղծ առաջարկով սկսված գործընթացը: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին Կիպրոսի ներկայացուցիչների պալատում իր ելույթի ժամանակ նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, Թուրքիան հետ կանգնեց իր պարտավորություններից եւ ոչ միայն չվավերացրեց ստորագրված արձանագրությունները, այլեւ վերադարձավ գործընթացից առաջ որդեգրած իր հին դիրքերին:
«Նախապայմանների պատին դեմ առան մեր եւ գործընթացում ակտիվորեն ներգրավված մեր գործընկերների ջանքերը: Եթե տուրք պետք է տայինք նախապայմաններին, ապա մենք առավել քան բարոյական եւ իրավական հիմքեր ունեինք նախապայմաններ առաջ քաշելու։ Բայց մենք ուժ գտանք հաղթահարելու հոգեբանական բոլոր արգելքներն ու առաջ շարժվել։ Այո՜, մենք շատ խնդիրներ ունենք Թուրքիայի հետ, առաջին հերթին` Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Սակայն նախապայմանների առաջադրման փոխարեն մենք գերադասեցիք խնդիրների կարգավորման քաղաքակիրթ մոտեցումը՝ երկխոսություն կայացնելու միջոցով»,- նշել է Հայաստանի նախագահը, ընդգծելով, որ մենք պետք է բաց աչքերով նայենք իրականությանը:
«Այսօր Թուրքիան հավակնում է տարածաշրջանային առաջնորդության, հավակնում է վարել այսպես կոչված «նոր օսմանականության» քաղաքականություն: Բայց տարածաշրջանային առաջնորդությունը ենթադրում է պատասխանատու մոտեցում, պատասխանատու մտածելակերպ եւ ոչ թելադրելու կամ պարտադրելու գործելաոճ: Ի՞նչ է Օսմանյան կայսրությունը բերել իր լծի տակ գտնվող ժողովուրդներին կոտորածներից, բռնակալությունից, կեղեքումներից բացի: Ո՞վ է հասցրել կարոտել օսմանականությանը, որ որոշ մարդիկ փորձում են ծնել «նոր օսմանականություն»:
Եվ ինչպե՞ս է ընկալվում «հարեւանների հետ զրո պրոբլեմ» ուղեգիծը: Որպեսզի բոլոր հարեւանները հլու կատարեն Թուրքիայի հորդորները եւ բավարարեն նախապայմաննե՞րը: Գուցե կան հարեւաններ, որոնց համար դա նույնիսկ շահավետ է, բայց վստահորեն մենք դրանց թվին չենք պատկանում:
Մի երկիր, որը Հայաստանի անկախացումից ի վեր տարբեր պատրվակներով փակել է մեր սահմանը եւ փորձում է շանտաժի ենթարկել իմ ժողովրդին, չի՛ կարող հավակնել տարածաշրջանային առաջնորդության:
Մենք մեզ համարում ենք եվրոպական արժեքների կրող եւ եվրոպական ընտանիքի մաս: Այսօր Հայաստանը իրականացնում է լայնամասշտաբ բարեփոխումներ եվրոպական կառույցների սերտ աջակցությամբ: Մենք առաջինն ենք ցանկանում ունենալ ժողովրդավար եւ եվրոպական արժեքներին դավանող հարեւաններ, հարեւաններ, որոնք խնդիրները լուծում են երկխոսությամբ եւ բանակցություններով եւ ոչ թե սպառնալիքներով: Հուսով ենք, որ Թուրքիան կհասկանա եւ կգնահատի նույն այդ արժեքների կարեւորությունն իր իսկ կայուն զարգացման եւ բարեկեցության համար»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:





























