Ապրիլի 27-ի գիշերը «Ռոսկոմնադզոր»-ի արգելված կայքերի ռեեստրում հայտնվել են «Յանդեքս»-ի, ինչպես նաեւ RuNet-ում գործող սոցցանցերի՝ VKontakte-ի, Twitter-ի, Facebook-ի եւ Odnoklassniki-ի, IP հասցեները, հայտնում է MK.ru-ն: Առաջիններից մեկը արգելափակումը նկատել է RKNShowtime Telegram ալիքը, որը հետեւում է արգելափակված ռեսուրսների ցանկի ընդլայնմանը:

Ըստ ռեեստրի բեռնաթափման պատճենի՝ արգելափակվել են Yandex-ի եւ Facebook-ի 5 IP հասցեներ, VKontakte-ի եւ Odnoklassniki-ի մեկական հասցե, ինչպես նաեւ՝ Twitter-ի 3 հասցե: «Սեւ ցուցակում» են նաեւ Amazon-ի, Microsoft-ի եւ Google-ի որոշ IP հասցեներ, նշել է Diphost պրովայդերի գլխավոր տնօրեն Ֆիլիպ Կուլինը: Բացի այդ, «Ռոսկոմնադզոր»-ը արգելափակել է նաեւ Yahoo-ի եւ  առցանց օրագրերի Liveinternet ռուսական ծառայության IP հասցեները, որոնք պատկանում են ՌԴ նախագահի՝ համացանցի զարգացման հարցերով խորհրդատու Գերման Կլիմենկոյին: Ընդհանուր առմամբ, արգելափակվել է ավելի քան 180 IP հասցե:

Սակայն Մոսկվայի ժամանակով 2:22-ի դրությամբ բոլոր նշված IP-հասցեները հանվել են արգելված կայքերի ռեեստրից, հայտնում է TJ պորտալը:

Որոշ սոցիալական ցանցերի IP հասցեների՝ արգելված կայքերի ռեեստրում հայտնվելը, ինչի մասին հայտնել էին ԶԼՄ-ները,  կապված է համակարգի համակարգի աշխատանքի տեխնոլոգիական առանձնահատկությունների հետ: Այս մասին տեղեկացվում է «Ռոսկոմնադզոր»-ի թվիթերյան էջում: