Համացանցում է հայտնվել Օմախի սրճարանում հրաձգության տեսանյութը, որի հետեւանքով զոհվել էր ամերիկյան «Կոպեր» (COPS) ռեալիթի շոուի հնչյունային օպերատորը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Միջադեպը տեղի է ունեցել 2014 թվականին, սակայն հոլովակը հրապարակվել է միայն հիմա՝ Նեբրասկա նահանգի Դուգլասի շրջանային դատարանի որոշմամբ, նշված է տեղական WOWT News հեռուստաալիքի կայքում:
Դատարանը քննում է քաղաքային իշխանությունների եւ ոստիկանների դեմ հարուցված անփույթ վերաբերմունքի վերաբերյալ գործը: Այն հարուցվել է, երբ իրավապահների աշխատանքը վավերագրող շոուի գիշերային նկարահանումների ժամանակ զոհվել է հնչյունային օպերատոր Բրայս Դիոնը:
Հոլովակում պատկերված է սրճարանի կողոպուտի կանչով ոստիկանների ժամանումը: Ենթադրյալ հանցագործության վայր ժամանելով՝ երկու սպա ներխուժել է շենք, որտեղ թաքնվում էր կասկածյալը, եւ սկսել են կրակել: Փամփուշտներից մեկը դիպչել էր Դիոնին, վիրավորվել էր նաեւ հետապնդվողը՝ 32-ամյա Կորտես Վաշինգթոնը: Արդյունքում՝ երկուսն էլ մահացել էին:
Ավելի ուշ պարզվել է, որ Վաշինգթոնը զինված էր հրազեն չհամարվող ատրճանակով, որն իրավապահներն ընդունել էին որպես մարտական զենք: Տեղական ոստիկանության ղեկավարի խոսքով՝ սպաներն այլ ընտրություն չունեին, բացի կրակել սկսելը: Մեղադրանքի կողմը պնդում է իշխանություններին եւ իրավապահ մարմիններին պատժելու հարցը, որոնք պետք է ապահովեին նկարահանող խմբի անվտանգությունը:











