Կառավարման մարմինները բնականոն ռեժիմով աշխատում են, կուսակցությունները կոնսոլիդացված են։ Այդ մասին «Շանթ» հեռուստաընկերության տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը։
Հարցին, թե վերջին, այս օրերին հատկապես, շատ է լսվում այն տեսակետը, որ իշխանությունները կոնսոլիդացված չեն, Կարապետյանը պատասխանել է. «Այսինքն՝ իշխանությունները կոնսոլիդացված չեն՝ ի՞նչ է նշանակում: Եթե իշխանություն ասելով խոսվում է կառավարման մարմինների մասին, ապա իրենք բնականոն ռեժիմով աշխատում են, եթե խոսում եք կուսակցությունների մասին՝ կարծում եմ, որ կոնսոլիդացված են»:
Ըստ Կարապետյանի, մամուլում այնքան բաներ է նշվում՝ իր հրաժարականի մասին, հերքում են՝ նորից հրաժարական: «Եթե մենք այդ ամենին արձագանքենք, ապա կարող է ամբողջ օրը դրա վրա ծախսենք: Իսկ լուծումը ես իրականում տեսնում եմ հետեւյալը: Իրականում մենք ունենք ճգնաժամ, մենք ունենք կուտակված պրոբլեմներ եւ մենք պետք է հստակ ընտրենք, թե որ ուժն է կամ որ ուժերի համախմբումն է տանելու երկիրը դեպի ավելի լավ ապագա: Ինչպիսի ծրագրեր կան, մենք անձ պետք է չընտրենք, մենք ծրագիր պետք է ընտրենք, մենք թիմ պետք է ընտրենք, մենք պետք է մեկս մյուսին լսելու ունակություն ունենանք, մենք պետք է հանդուրժողական լինենք»,- ասել է նա եւ հավելել. «Մենք չենք թաքցնում, որ ունենք մեր մեղավորության բաժինը, գուցե եւ շատ մեծ, որ այս անհանդուրժողական մթնոլորտը կա, այսքան կուտակված սոցիալական խնդիրներ կան, բայց մենք այդ վիճակից պետք է դուրս գանք, չգիտեմ, մեկս մյուսի հետ խոսելով, ընդունելով սխալները, լսելով մյուս կարծիքները: Չի կարելի ոչ մի բան մոնոպոլիզացնել, դա լավ բանի չի բերելու»:











