Զանգվածային անկարգությունների հետեւանքով, Թունիսի տնտեսությունն ունեցել է 1,6 միլիարդ եվրոյի կորուստ: Այդ մասին հայտարարել է Թունիսի նոր կառավարության ներքին գործերի նախարար Ահմեդ Ֆրիաան:
Երկու միլիարդ դինարի կորուստ գրանցվել է ներքին տնտեսության կաթվածահար լինելու պատճառով, եւս մեկ միլիարդ դինար Թունիսը կորցրել է արտահանման ամբողջական դադարեցման պատճառով:
Արժույթի միջազգային հիմնադրամի վիճակագրական տվյալներով, Թունիսի ՀՆԱ-ն 2010-ին կազմել է 39,6 միլիարդ եվրո: Այսպիսով` վնասը կազմել է ՀՆԱ-ի 4 տոկոսը:
Հիեշեցնենք, որ Թունիսում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում: Բանակը վերցրեց իշխանությունը: Նախագահ Զին ալ Աբիդին բեն Ալին փախավ Սաուդյան Արաբիա:
Զանգվածային անկարգությունները Թունիսում սկսվեցին 2010թ. դեկտեմբերի 17-ին, երբ կանաչի ծախողն ինքնասպան եղավ` փողոցում առեւտուր անելու արգելքից հետո: Դրան հաջորդեցին եւս մի քանի ինքնասպանություններ եւ փողոց դուրս եկան հազարավոր մարդիկ:




























