Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը ապրիլի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման մասին։  

Նրա խոսքով՝ սպասվում էր հանդիպում ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, բայց նա այդպես էլ չի եկել։ Հանդիպումն այսօր է կայացել։

«Կես ժամ սպասումից հետո հանդիպման եկավ Արարատ Միրզոյանը, նա մյուսների բացակայությունը հիմնավորեց նրանով, որ վիրավորված են Նիկոլայ Ռիժկովի հետ հանդիպումից: Թե ինչ է պատահել, ես չգիտեմ, բայց մի՞թե խմբակցությունը, ում ղեկավարը վարչապետի պաշտոնին հավակնող անձ է, այդքան խոցելի է, որ պատրաստ չէ ամբողջ կազմով ներկայանալ հանդիպմանը։ Ամեն դեպքում մենք պատրաստ ենք բոլորի հետ քննարկել Հայաստանում ձեւավորված իրավիճակը»,-ասել է Զատուլինը։

Միաժամանակ, նա շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին գալու եւ իր տեսակետը ներկայացնելու համար։ Զատուլինը հիշեցրել է, որ «Ելք» դաշինքը անցած տարի քննարկման էր դրել ԵՏՄ-ից դուրս գալու հարցը․ «Պատասխանելով այդ հարցին, թե ինչու եք այդպես արել, նա պատասխանել է, որ մենք ընդդիմադիր դաշինք ենք, պետք է սրեինք հարցը։ Դատեք ինքներդ, թե որքանով է ճիշտ այսօր մի բան ասել, իսկ վաղը մեկ այլ»,-նկատել է Զատուլինը։

Եզրափակելով Զատուլինը հայտնել է, որ վաղը մեկնում է, իսկ մինչ այդ պատրաստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։