Մայիսի 1-ին էշերով, սայլերով, ոտքով լցվեք Երեւան: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, Վանաձորում «Իմ քայլը» շարժման հանրահավաքում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:
«Այս իշխանությունները 10-15 տարի իշխում եմ, ի՞նչ լավ բան ենք տեսել. Էս ժողովուրդը մուրացկան ազգ չի ու թույլ չենք տա այսպես շարունակել: Ի սեր Աստծո, հեռացեք, մենք վրեժխնդիր չենք լինելու, չենք նմանվելու ձեզ, թողեք մեր ժողովուրդն ազատ ապրի»,-ասաց Սասուն Միքայելյանը:
Նրա խոսքով, ՀՀԿ-ի անարյուն հեռանալու գրավականը ժողովրդի համախմբվածությունն է. «Նրանք ամեն ինչի կարող են գնալ, բայց այս բանակի դեմ չեն կարող գնալ: Մայիսի 1-ին էշերով, սայլերով, ոտքով լցվեք Երեւան, վերցրեք ձեր ազատությունն ու հետ վերադարձեք, որ ձեր ընտանիքներն ազատ ապրեն»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:
Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել:











