ԱՄՆ-ն բանակցում է Եվրամիության երկրների հետ Իրանի հրթիռային ծրագրի դեմ սահմանափակող միջոցներ կիրառելու մասին, որը սպառնում է համաշխարհային անվտանգությանը: Այս մասին Էր Ռիադում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի ավագ խորհրդական Բրայան Հուկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին պատժամիջոցներ կիրառել Իրանի հրթիռային ծրագրի հետ կապված ցանկացած անհատների եւ կազմակերպությունների նկատմամբ»,- Reuters-ը մեջբերում է դիվանագետի խոսքը: Այս թեման Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ քննարկվել է եվրոպական գործընկերների հետ, ուր ժամանել էր Պոմպեոն:

Շաբաթ ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Էր Ռիադ: Պոմպեոն հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ Ջուբեյրի հետ` քննարկելով Մերձավոր Արեւելքի օրակարգի առանցքային հարցերը, ներառյալ տարածաշրջանում Իրանի քաղաքականությունը, Սիրիայում, Եմենում իրավիճակը եւ իրանական միջուկային դոսյեն: