Իմ հույսն այն է, որ ԱԺ-ում բոլոր խմբակցությունները հանդես կգան միասնական դիրքորոշմամբ վարչապետի ընտրության հարցում: Այս մասին այսօր` ապրիլի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

«Իմ հույսն այն է, որ մենք կունենանք բոլոր խմբակցությունների միասնական դիրքորոշում միասնական թեկնածուի շուրջ: Հիմա քաղաքական դաշտում նաեւ ընդդիմադիր գործընկերներից հնչում են տեսակետներ, որ եթե մենք խոսում ենք ազատ արդար ընտրությունների մասին, պետք է ապահովենք հավասար պայմաններ բոլորի համար։ Եւ եթե մենք մեզ պատրաստ ենք զգում հենց այսօր ընտրությունների, գուցե այլ քաղաքական ուժերը այնքան էլ պատրաստ չեն զգում եւ այս հարցում գուցե հնարավոր լինի ինչ-որ կոմպրոմիսներ, մի փոքր ժամկետների հարցում համաձայնություններ ձեռք բերել , բայց էդ ժամկետների փոփոխությունը պետք է լինի տրամբանական»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ մինչեւ ազատ, արդար ընտրությունների անցկացումը անհրաժեշտ է լրջագույն փոփոխությունների ենթարկել Ընտրական օրենսգիրքը եւ ընդհանրապես օրենսդրական դաշտում պետք է փոփոխություններ անել, եւ դրանք պետք է այնպես անել, որ հապճեպ, ոտքի վրա արված փոփոխություններ չլինեն, որպեսզի ավելի մեծ խնդիրներ չառաջանան:

Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ՝ եթե խորհրդարանում ներկայացված մյուս 3 քաղաքական ուժերը մեկ թեկնածուով հանդես գան, Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի, որ մայիսի 1-ին Հայաստանն ունենա վարչապետ։ «Ելք»-ը հայտարարել է, որ մտադիր է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին, իսկ «Ծառուկյան» դաշինքը որոշել է սատարել «ժողովրդի թեկնածուին»:

Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն: