Վերջին երեք օրվան ապրածս զգացմունքներն անբացատրելի են։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը։

«Միայն վերջին երեք օրվան ապրածս զգացմունքներն անբացատրելի են։ Եթե Հայաստանում չգտնվեի, իրապես չէի հասկանա, թե դուք ինչ գործողություն արեցինք։ Հեղափոխության պատկերները սփյուռքում տեսնում ենք, բայց ձեր աչքերը չենք տեսնում, ձեր հավատքն ու վճռական մոտեցումները չէին հասկանում»,- ասել է նա եւ հավելել. «Ձեր հեղափոխությունը դուք արեցիք, ձեր ձայնով, ձեր կամքով, ձեր խոսքով, ներկայությամբ ու հույսով, որ՝ այո, մեր երկիրը ապագա ունի»։

Նա նշել է, թե տեսել է ավելի ժպիտներ, քան նախկինում։ «Այս հեղափոխությունը ժպիտների հեղափոխություն է»,- նշել է նա։

«Սերժ Սարգսյանը մեկ բան ասեց, որ ինձ մեծ զարմանք պատճառեց։ Նա ասեց՝ ես սխալ էի, Նիկոլը ճիշտն էր։ Հետեւաբար, հանրապետական կուսակցությունը, չունենալով Սերժ Սարգսյանին իբրեւ լիդեր, պետք է հարգի իր լիդերի խոսքը։ Ամեն մի հանրապետական պետք է հետեւի այդ խոսքին եւ ընդունի, որ Նիկոլ Փաշինյանը կարողացավ բարձրացնել ժողովրդի ձայնը»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ՝ եթե խորհրդարանում ներկայացված մյուս 3 քաղաքական ուժերը մեկ թեկնածուով հանդես գան, Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի, որ մայիսի 1-ին Հայաստանն ունենա վարչապետ։ «Ելք»-ը հայտարարել է, որ մտադիր է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին, իսկ «Ծառուկյան» դաշինքը որոշել է սատարել «ժողովրդի թեկնածուին»:

Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն: