Վերջին երկու օրերին Հայաստանի քաղաքացիներին հաջողվեց վերջնականորեն եւ անշրջելիորեն բեկել ներքաղաքական իրավիճակը Հայաստանում։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Այն, ինչ տեղի ունեցավ նախորդ օրը դեպի Գյումրի մեր ավտոերթի, երեկ էլ՝ Իջեւան, Վանաձոր եւ Ապարան ավտոերթի ընթացքում, ակնհայտ դարձրեց, որ Հայաստանում հեղափոխության հաղթանակը անշրջելի է»,- ասել է նա եւ հավելել. «Ճանապարհներին մենք ստիպված էինք մի քանի տասնյակ անգամ դադար առնել, որով գրեթե բոլոր գյուղերի եւ քաղաքների բնակիչները հարյուրներով, հազարներով փակել էին ճանապարհը՝ տոնելու ՀՀ քաղաքացիների հաղթանակը»։

Նրա խոսքով, ԱԺ երեք խմբակցություններ՝ ՀՅԴ-ն, «Ելքը», «Ծառուկյան» դաշինքը հայտարարել են, որ մայիսի 1-ին քվեարկելու են ժողովրդի թեկնածուի օգտին։ «ՀՀԿ խմբակցությունը որոշել է ընդհանրապես վարչապետի թեկնածու չառաջադրել, ինչը նշանակում է, որ կա չափազանց մեծ հավանականություն, որ խմբակցության անդամների առնվազն մի մասը նույնպես կքվեարկի ձեր թեկնածուի օգտին, ինչը նշանակում է, որ մենք ունենք հնարավորություն դե-ֆակտո արձանագրած հաղթանակը արձանագրել նա դե-յուրե, ձեր առաջադրած թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ»,- ասել է Փաշինյանը։

Նա նշել է, թե չպիտի զգոնությունը։ «Վերջին օրերին մեր շարժումը պիտի լինի շատ ավելի կարգապահ, շատ ավելի հանդուրժող, ավելի սիրո հեղափոխություն, քան մինչ այսօր էր»,- նշել է Փաշինյանը՝ նկատելով, որ լարված քաղաքական պայքարը քայլ առ քայլ վերածվում է տոնի, եւ բոլորի պարտականությունն է, որ տոնը նույնիսկ փոքրիկ տհաճ միջադեպով չնսեմանա։

Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ՝ եթե խորհրդարանում ներկայացված մյուս 3 քաղաքական ուժերը մեկ թեկնածուով հանդես գան, Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի, որ մայիսի 1-ին Հայաստանն ունենա վարչապետ։ «Ելք»-ը հայտարարել է, որ մտադիր է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին, իսկ «Ծառուկյան» դաշինքը որոշել է սատարել «ժողովրդի թեկնածուին»:

Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն: