Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ:
Երկրների ղեկավարները «հաստատել են փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման տրամադրվածությունը»:
«Փոխգործակցության առավել հեռանկարային ուղղություններից առանձնացվել է էներգետիկ ոլորտի համագործակցությունը, այդ թվում՝ «Բուշեր» ԱԷԿ-ի շինարարության նախագծի իրականացման շրջանակներում»,- հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Կողմերը հաստատել են, որ «Բուշերի» գործարկումը տեղի կունենա մոտ ժամանակներս։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, The Telegraph-ը նախօրեին հայտարարել էր, որ Բուշերի միջուկային էլեկտրոկայանում աշխատող ռուս գիտնականները Իրանին կոչ են արել Stuxnet վիրուսի չեզոքացման նպատակով հետաձգել կայանի գործարկումը։ Գիտնականները մտավախություն ունեն, որ վիրուսը կարող է հանգեցնել «նոր Չեռնոբիլի»։
Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ Stuxnet վիրուս մշակվել է Իսրայելի եւ ԱՄՆ-ի համատեղ ջանքերով՝ նպատակ ունենալով ձախողել իրանական միջուկային ծրագիրը։




























