Մեր որոշումն է՝ սատարել ժողովրդի կողմից ընտրված թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում «Ծառուկյան» խմբակցության եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նշենք, որ ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին արդեն «Ելք» խմբակցությունն իր նիստում առաջադրել է վարչապետի թեկնածու եւ փաստաթղթերը փոխանցել ԱԺ ղեկավարությանը:
«Մենք ունենք պայմանավորվածություն շատ մանրամասներ չհրապարակել: Շատ գաղտնի բան չի քննարկվել, ընդամենը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ ապագա աշխատանքի հետ կապված: Այլ մանրամասներ ես չեմ կարող հրապարակել»,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ «Ծառուկյան» դաշինքը շարժմանը միանալու համար որեւէ նախապայմաններ առաջ չի քաշել. «Վստահ ենք մի բանում, որ այս «մեր դեմ խաղ չկա»-ի համակարգը, որ տարիներ շարունակ արմատավորվել է մեր երկրում, որ դեռեւս 20-30 տարի բոլոր ճանապարհները պետք է անցնեն Մելիք Ադամյան փողոցով, այս համակարգի ողնաշարը համատեղ ուժերով ջարդելու հնարավորություն է ստեղծվել: Պետք է առանց որեւէ նախապայմանի, ուլտիմատումների միավորել մեր բոլոր ուժերը, միավորել հանդուրժողականության մթնոլորոտում, միավորել ոչ թե վհուկների որս հայտարարելով, միավորել ոչ թե դաշտը սեւ ու սպիտակի բաժանելով, այլ երկիրն այս վիճակից դուրս բերելու համար»:
Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ «Ծառուկյան» դաշինքի բոլոր պատգամավորները լինելու են քվեարկությանը: Ծառուկյանը նույնպես լինելո՞ւ է, հարցին, նա արձագանքեց. «Գագիկ Ծառուկյանն իր դիրքորոշումը հայտնել է, հիմա գնում ենք խմբակցության ընդլայնված նիստի, նրանք, որոնք Հայաստանում են, գալու են քվեարկելու են: Ունենք մի քանի բացականեր, որոնք այս պահին ԱԺ քարտուղարության հետ փորձում են կազմակերպել օրենքով սահմանված կարգով իրենց քվեարկությունը գրավոր ծրարով թողնելու հարցը»:
Բոլոր հարցերում ունենք ըմբռնում. Փաշինյանը՝ «Ծառուկյան» խմբակցության հետ հանդիպման մասին











