«Ծառուկյան» դաշինքն իր ռեսուրսներով պատրաստ է հենց վաղն էլ գնալ արտահերթ ընտրությունների: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում «Ծառուկյան» խմբակցության եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Հասկանալի է, որ արտահերթ ընտրություններ պետք է լինեն, բայց պետք է հասկանանք, որ դա մեկ ժամվա խնդիր չէ, դրա համար մենք պետք է առաջին լրջագույնս քայլը անենք՝ բարեփոխելու ընտրական օրենսգիրքը: Բացի այդ, մենք հասկանում ենք, որ դա միայն մեր որոշելու հարցը չէ»,-հայտարարեց նա:
Զոհրաբյանը հիշեցրեց, որ իրենք առաջարկել էին ընտրական օրնեսգրքից հանել «ռեյտինգային» ընտրակարգը, որը ապաքաղաքականացրեց ընտրությունները. «Ծառուկյան» դաշինքն առաջարկել է հաշվի առնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկները, որոնք վերաբերում են վարչական ռեսուրսի կիրառմանը եւ քրեական օրենսգրքում խիստ պատասխանատվություն ֆիքսելուն: Մենք կարծում ենք, որ մայիսի 1-ից հետո սկսվում է իրապես սեւագործ աշխատանք։ Պետք է ընտրությունների գնանք ունենալով նոր ընտրական օրենսգիրք, որը կբացառի կրկնաքվեարկությունները»:
Ինչ վերաբերում է ԱԺ արտահերթ ընտրությունների ժամկետներին, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորն ասաց, որ ժամկետներ չեն քննարկել, կքննարկեն, երբ կառավարությունը կունենա ղեկավար. «Ժամկետներ չեն կարող լինել, որովհետեւ մայիսի 1-ից հետո կան մի քանի կարեւոր քայլեր, որ պետք է արվեն՝ բարեփոխել ընտրական օրենսգիրքը, բանակցելու այն դոնորների հետ, որոնք կարող են տեխնիկական ողջ բազան ապահովել ընտրություների անցկացման միասնական համակարգ ունենալու եւ կրկնաքվեարկությոնը բացառելու համար»:
Հարցին, թե հնարավո՞ր է, կոալիցիոն կառավարություն ձեւավորվի, Զոհրաբյանն արձագանքեց. «Այդ հացերը կոռեկտ չէ քննարկելը: Մայիսի 1-ից հետո կարող ենք քննարկել»:
Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ՝ եթե խորհրդարանում ներկայացված մյուս 3 քաղաքական ուժերը մեկ թեկնածուով հանդես գան, Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի, որ մայիսի 1-ին Հայաստանն ունենա վարչապետ։ «Ելք»-ը արդեն թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին, իսկ «Ծառուկյան» դաշինքը որոշել է սատարել «ժողովրդի թեկնածուին»:
Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն:











