Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր էջում կարճ տեսանյութ է հրապարակել օդանավում, որի ընթացքում նա Ավստրալիա թռչելուց առաջ զանգահարում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսային զրույց եմ ունեցել, որպեսզի եւս մեկ անգամ իրավիճակը գնահատեմ: Իրանը երբեք միջուկային զենք չպետք է ունենա: Դրանից է կախված տարածաշրջանում կայունությունը եւ միջազգային անվտանգությունը: Մենք այդ ուղղությամբ նույն կերպ ենք աշխատում, ինչ կերպ աշխատում ենք  Սիրիայում արդարացի խաղաղություն հաստատելու ուղղությամբ»,- Twitter-ում ֆրենսերենով եւ անգլերենով գրել է Ֆրանսիայի նախագահը:

Ավելի վաղ ԱՄՆ այցի ժամանակ Մակրոնը նշել էր, որ Փարիզն անհրաժեշտ է համարում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր, ավելի ընդարձակ համաձայնագրի վրա աշխատելը: Նրա խոսքով՝ համաձայնություն է անհրաժեշտ, որը կընդգրկի ոչ միայն Թեհրանի միջուկային ծրագիրը, այլ նաեւ բալիստիկ հրթիռների, ինչպես նաեւ ընդհանրապես տարածաշրջանում իրավիճակի կայունացման: