Բրիտանիայում առաջին անգամ Բիրմինգեմում տեղի է ունեցել հարթ Երկրի տեսության կողմնակիցների առաջին համաժողովը՝ Flat Earth Convention-ը:

Մոտ 200 մարդ երեք օր քննարկել է, թե իրականում Երկիրն ինչ ձեւ ունի, հաղորդում է The Telegraph-ը:

«Մարդիկ սկսում են սթափվել: Մենք ահռելի հետաքրքվածություն ենք նկատում հարթ Երկրի տեսության հանդեպ եւ աճող անվստահություն կառավարությունների նկատմամբ», — ասել է Flat Earth Convention-ի կազմակերպիչ Գերի Ջոնը:

Համաժողովի շատ մասնակիցներ այն կարծիքին են, որ Երկիրն իրենից սկավառակ է ներկայացնում, որը շրջապատված է սառցե պատով:

Flat Earth Convention-ի մեկ այլ մասնակիցը ներկաներին պատմել է, որ մի ամբողջ տարի սմարթֆոնի համար նախատեսված անվճար ծրագրի եւ Nikon տեսախցիկի միջոցով  հետեւել է երկնային մարմիններին: Դիտարկումները ցույց են տվել, որ մոլորակները ճիշտ չեն շարժվում:

 «Իմ հետազոտությունները ոչնչացնում են մեծ պայթյունի տիեզերաբանությունը եւ հաստատում այն միտքը, որ ձգողականության ուժ գոյություն չունի», — նշել է նա: