Ապագա զարգացած հզոր Հայաստանի հիմքը հենց ազատ եւ արդար ընտրություններն են։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է քաղաքագետ, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով, իշխանությունը պիտի պաշտպանի քաղաքացիների հիմնարար ազատությունները։ «Շատ կարեւոր է, որ այս շարժման ապակենտրոն կառավարման սկզբուքնները տեղափոխվի նաեւ իշխանության մակարդակ»,- ասել է նա եւ հավելել. «Ապագա զարգացած հզոր Հայաստանի հիմքը հենց ազատ եւ արդար ընտրություններն են։ Ամենահիմնարար սկզբունքն է։ Այս փուլում ամենագլխավոր թիրախ ենք համարում մոտ ապագայում Հայաստանում անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ»։
«Բոլորը մեզ հարցնում են արդարադատության մասին։ Կարծում եմ՝ համաշխարհային փորձը, ինչպես մեր ուենցած գիտելիքները ցույց են տալիս, որ լավագույն գործիքը անցումային արդարադատություն ապահովելն է։ Նախկինում բոլոր տուժվածները այդ կառավարման համակարգից պետք է արդար փոխհատուցում ստանան։ Դա կարող է ժամանակ խլել, բայց մենք համոզված ենք, որ անցումային արդարադատությունը հենց ամենակարեւոր գործիքներից է, որ կարողանանք վերականգնել վստահությունը կառավարման համակարգի հանդեպ»,- նշել է Արմեն Գրիգորյանը։
Նշենք, որ վաղը կայանալու է ԱԺ հատուկ նիստ՝ ընտրելու նոր վարչապետին։ Միակ առաջադրված թեկնածուն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է։
Առավոտյան «Ելք» խմբակցությունն իր նիստում ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Կայացել են նաեւ դռնփակ բանակցություններ ՀՅԴ եւ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունների պատգամավորների հետ։ Այդ խմբակցությունները վաղ քվեարկելու են Փաշինյանի օգտին։ Լրագրողների ներկայությամբ հանդիպում է եղել ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ, Փաշինյանը պատասխանել է հանրապետականների հարցերին։
Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն:











