Համաժողովրդական շարժումը նոր փուլ է թեւակոխում, ավելի հաղթական, բայց ավելի դժվար։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը։
Նա վստահություն է հայտնել, որ վաղը՝ մայիսի 1-ին Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանին կընտրի Հայաստանի վարչապետ, որից հետո պետք է կազմվի ժամանակավոր կառավարություն։ «Այս կառավարությունից ի՞նչ է պետք ակնկալել։ Այն ունի չորս հիմնական գործառույթ։ Առաջին, ապահովել հնարավորինս լայն քաղաքական համերաշխություն։ Ապահովել երկրի բնականոն գործունեությունը, տալ օպերատիվ լուծումներ ամենակենսական հարցերին։ Ակնկալել տնտեսական հրաշքներ ժամանակավոր կառավարությունից չենք կարող»,- ասել է Միրզոյանը եւ հավելել. «Երրորդ, ստեղծել մեխանիզմներ ընտրական համակարգի բարեփոխման համար։ Պետք է փոխվի Ընտրական օրենսգիրքը, զուգահեռ բարեփոխել մի շարք օրենքներ, որոնք էական ազդեցություն են ունենալու ընտրական պրոցեսի։ Եւ չորրորդ, ամենահիմնականը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպում»։
Արարատ Միրզոյանը դիմել է հավաքվածներին. «Խնդրում ու պահանջում եմ՝ այս պրոցեսում մեզ մենակ չթողնեք։ Կլինեք մեր կողքին, մենք դրա կարիքն ունենք։ Ավելի ուշադիր, ավելի իմաստուն, ավելի կազմակերպված, ավելի անկեղծ, որովհետեւ փորձելու են ձեզնից խլել հաղթանակը։ Բայց մենք կանգնած ենք, մենք կանգնելու ենք»։
Նշենք, որ վաղը կայանալու է ԱԺ հատուկ նիստ՝ ընտրելու նոր վարչապետին։ Միակ առաջադրված թեկնածուն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է։
Առավոտյան «Ելք» խմբակցությունն իր նիստում ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Կայացել են նաեւ դռնփակ բանակցություններ ՀՅԴ եւ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունների պատգամավորների հետ։ Այդ խմբակցությունները վաղ քվեարկելու են Փաշինյանի օգտին։ Լրագրողների ներկայությամբ հանդիպում է եղել ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ, Փաշինյանը պատասխանել է հանրապետականների հարցերին։
Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն:











