WhatsApp մեսենջերի հիմնադիրներից Յան Կումը լքում մայր կոնցեռն Facebook-ը: Նա Facebook-ի իր էջում այս որոշումը պարզաբանել է անձնական պատճառներով եւ առաջ շարժվելու ցանկությամբ, սակայն ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով՝   Facebook-ի ղեկավար պաշտոններից մեկից Կումի հեռանալու վրա կարող էր ազդել օգտատերերի տվյալների պաշտպանության շուրջ նրա վեճը կոնցեռնի հետ, փոխանցում է DW-ն:

Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը Կումին շնորհակալություն է հայտնել իր ավանդի համար՝ նշելով, որ ինքը կզգա նախկին գործընկերոջ հետ համագործակցելու պակասը: 2017 թվականին Facebook-ը լքել է WhatsApp-ի մեկ այլ համահիմնադիր Բրայան Էքթոնը:

WhatsApp-ն աշխարհում ավելի քան 1,2 մլրդ օգտատեր ունի: Facebook-ն այս մեսենջերը գնել է 4 տարի առաջ՝ 19 մլրդ դոլարով: