ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ անձամբ է ուսումնասիրել այսպես կոչված «իրանական արխիվի» ֆայլերը, որտեղ ապացույցներ կան, որ Թեհրանը միջուկային զենք է մշակում։ Այս մասին հայտնում է Պետդեպարտամենտի կայքը։
«Միջուկային զենքի չտարածման հարցերով եւ հետախուզության մեր աշխատակիցները վերլուծում են տասնյակ հազարավոր էջեր եւ թարգմանում են դրանք պարսկերենից։ Վերլուծությունը կշարունակվի շատ ամիսների ընթացքում։ Մեր գնահատականով՝ մեր կողմից դիտարկվող փաստաթղթերը իսկական են»,–ասել է Պոմպեոն։
Պետքարտուղարը նշել է, որ երկար տարիներ շարունակ Թեհրանն աշխարհին համոզել է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում։ «Իսրայելի ձեռք բերած փաստաթղթերը ցույց են տալիս առանց որեւէ կասկածի, որ իրանական վարչակազմը ճիշտը չի ասում»,–հայտարարել է Պոմպեոն։ Նա հավելել է, որ փաստաթղթերում ասված է, որ Իրանը գաղտնի միջուկային ծրագիր է ունեցել երկար տարիներ շարունակ։ «Իրանը աշխարհից ու ՄԱԳԱՏԵ–ից թաքցրել է ընդարձակ միջուկային արխիվը»,–նշել է պետքարտուղարը։
Պոմպեոն նշել է, որ գործարքը, որը հիմնված էր բարի կամքի վրա, ոչ կառուցողական է եղել։ Այն կառուցվել է Իրանի ստի վրա։ Պետքարտուղարը նշել է, որ հիմա, երբ աշխարհը գիտի Թեհրանի ստի մասին, պետք է բարձրացնել նրա նկատմամբ վստահության հարցը։
Ապրիլի 30-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական հետախուզությունը ձեռք է բերել Թեհրանի «միջուկային արխիվը»։ Նրա խոսքով՝ այս փաստաթղթերը պահպանվել են Իրանի տարածքում եւ դրանց միջոցով Իսրայելի վարչապետը նշել է, որ Իրանը շարունակել է միջուկային զենքի մշակումը։ Թեհրանը այդ մեղադրանքները հերքում է։




























