ԱՄՆ-ն մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Սիրիայից մինչեւ այդ արաբական երկրում հակամարտության քաղաքական կարգավորումը ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք միանշանակ չենք ուզում, որ լինելով մարտի դաշտում հաղթանակի շեմին՝ ֆիզիկական «խալիֆայության» , աշխարհագրական «խալիֆայության» ոչնչացման առումով՝ հեռանանք մինչեւ դիվանագետների կողմից խաղաղության նվաճումը։ Սկզբում հաղթանակ ես տանում պատերազմում, իսկ հետո խաղաղություն նվաճում»,- ասել է Մեթիսը։

Մեթիսի խոսքով՝ երկուշաբթի ինքը պետք է Վաշինգթոնում  հանդիպի Սիրիայի հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ դեսպան՝ Ստաֆֆան դե Միստուրայի հետ՝ «հետագա ուղին» քննարկելու համար։ «Ես հանդիպում եմ Ստաֆֆան դե Միստուրայի հետ, տեսնենք, թե որ փուլում է գտնվում Սիրիայում կարգավորման ժնեւյան գործընթացը, ու ինչ կարող են ք անել, որպեսզի աջակցենք։ Բնականաբար Ժնեւում հիմնականում  դիվանագիտական ջանքեր են գործադրվում, բայց ռազմական տարր էլ կա»,- շեշտել է նախարարը։ Ընդ որում նա խոստովանել է, որ սիրիական խնդիրը համարում է «ամենաբարդ իրավիճակը անվտանգության ու ռազմական ոլորտում, որին ինքը երբեւէ բախվել է»։

Մեթիսը նաեւ հաստատել է, որ ԱՄՆ-ն «աշխատում է մերձավորարեւելյան տարածաշրջանի բոլոր երկրների հետ՝ Սիրիա մտցնելու համար կոնտինգենտի հնարավոր ձեւավորման համար։ Նման ջանքերն ուղղված են նրան, որ փորձեն Սիրիայում իրականություն դարձնել կայունությունը»,- վստահեցրել է Մեթիսը։

Բացի դրանից, նա կարծիք է հայտնել , որ «տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները մտահոգված են Իրանի գործողություններով»։ «Իրանական վարչակարգը չի անում ոչինչ, որը կհամապատասխաներ սիրիական ժողովրդի բոլոր շահերին»,- կարծում է Մեթիսը։