Փարիզը կոչ է անում մանրամասն ուսումնասիրել եւ գնահատել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի տեղեկությունը Իրանի միջուկային ծրագրի մասին։ Այս մասին նշված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Ավելի վաղ Իսրայելի տեղական հեռուստատեսության ուղիղ եթերում Նեթանյահուն եբրայերենով եւ անգլերենով պատմել է, որ Իսրայելի տրամադրության տակ է հայտնվել շուրջ 100 հազար թղթային ու թվային փաստաթղթեր, որոնք վկայում են, որ Իրանի միջուկային ծրագիրը գաղտնի ռազմական բաղադրիչ է ունեցել «Ամադ նախագիծ» կոդային անվմամբ։
«Ֆրանսիան նկատի է առնում Իսրայելի վարչապետից ստացված տեղեկությունը միջուկային ոլորտում Իրանի նախկին գործունեության մասին։ Այդ տեղեկությունը պետք է ուսումնասիրել եւ գնահատել»,–նշված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում։




























