Լիոնի Բույսերի վերարտադրողականության եւ զարգացման լաբորատորիայից ֆրանսիացի գիտնականներին հաջողվել է վարդի գենոմի սեքվենիրացման բարդ վիրահատություն անցկացնել: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը: Այս ծրագրի իրականացման համար պահանջվել է համառ աշխատանքի 8 տարի: Հետազոտությունները հրապարակվել են Nature Genetics ամսագրում:

Ինչպես պարզաբանել է նախագծի մասնակիցներից մեկը՝ Մոհամմեդ Բենդահմանը, վարդի ԴՆԹ մոլեկուլում նուկլեոտիդների հաստատված հաջորդականությունը «բարձր որակի է» եւ ստացված վերծանումը ներկայումս «գոյություն ունեցողներից ամենամբողջականն է»: «Սա շատ մեծ ձեռքբերում է այնպիսի բարդ գենոմի համար, որպիսին է վարդի գենոմը»,- շեշտել է նա:

Հետազոտական նախագծի համար ընտրվել է Old Blush (Rosa chinensis) տեսակի ծաղկի գենոմը, որում կա 36377 գեն: Այս տեսակը դեռեւս 1793 թվականին Եվրոպա է բերվել Չինաստանից: Այս կապակցությամբ գիտնականները հիշեցնում են, որ «ներկայիս ավելի քան 35 հազար տեսակները ծագում են վայրի վարդերի տասնյակ տեսակների միջեւ սակավաթիվ խաչասերումից»:

Սեքվենիրացումը թույլ է տալիս որոշել, թե կոնկրետ որ գեներն են պատասխանատու այս ծաղկի այս կամ այն հատկության համար: Այս ամենը հեռանկարում թույլ կտա, օրինակ, վարդեր ստեղծել, որոնք պեստիցիդների եւ ինտենսիվ ոռոգման կիրառում չեն պահանջում: Դրանից բացի, ինչպես շեշտում է Մոհամմեդ Բենդահմանը, «մասնագետները կկարողանան հասնել բույսերի ձեւի, գույնի եւ բույրի միջեւ նոր փոխհամակցությունների»:

Այս կապակցությամբ հետազոտության հեղինակները հիշեցնում են, որ վարդերը աշխարհում ամենատարածված ծաղիկներն են եւ նման մշակումները գերխոշոր շահույթ են խոստանում: Նրանք վստահություն են հայտնում, որ իրենց աշխատանքն, անկասկած, «թույլ կտա զգալիորեն արագացնել վարդերի տարբեր տեսակների բարելավման գործընթացը»: