Նախորդ չորեքշաբթի Բրյուսելում կայացած դոնորների համաժողովի պատվիրակները նվիրաբերել են 4,4 միլիարդ ԱՄՆ դոլար՝ պատերազմի հետեւանքով տեղահանված սիրիացիներին եւ տարածաշրջանում նրանց հյուրընկալող երկրներին աջակցություն ցուցաբերելու նպատակով: Եվս 3,4 միլիարդ ԱՄՆ դոլար հատկացվել է 2019 եւ 2020 թվականների համար:

2018 թվականի համար հավաքագրված գումարը չհասավ 7-ից 8 միլիարդ ԱՄՆ դոլարի, որն ըստ ՄԱԿ-ի անհրաժեշտ էր 5,6 միլիոն սիրիացի փախստականներին եւ Սիրիայում գտնվող 13 միլիոն կարիքավոր անձանց աջակցելու համար: Նվիրաբերություն է կատարել 36 երկիր, այդ թվում Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան: Ինչպես հայտնեց ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակներում օգնության համակարգող Մարկ Լոուկոկը մամուլի ասուլիսի ընթացքում, ԱՄՆ-ը դեռեւս չի կատարել նվիրաբերություն:

«Կատարյալ աշխարհում մենք կցանկանայինք հավաքագրել նույնիսկ ավելի մեծ գումար եւ մենք դեռ ակնկալում ենք այս տարի ստանալ լրացուցիչ ֆինանսավորում», ասաց նա: ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին համաժողովին ներկա երկրներին կոչ արեց ընդլայնել վերաբնակեցման ծրագրերը սիրիացի փախստականների համար:

«Մենք պետք է շարունակենք նախանշած ուղղությունը եւ ցուցաբերենք շարունակական աջակցություն եւ համերաշխություն Սիրիայի ժողովրդին, ինչպես նաեւ նրանց ընդունող համայնքներին», ասաց նա: