Պետական եկամուտների կոմիտեին անհանգստացնում է այն իրավիճակը, որ երկիր մտնող բեռնատար՝ հատկապես սննդամթերքով բեռնված մեքենաներն արգելքի առաջ են կանգնում՝ ճանապարհները փակելու քաղաքական ակցիայով պայմանավորված:

ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

 «Արձանագրվում են նաեւ դեպքեր, երբ որոշ բեռնատարներ հետ են դառնում ճանապարհից՝ այդպես էլ չմտնելով Հայաստանի Հանրապետության տարածք:

Այս ամենը մտահոգիչ է այնքանով, որ ստեղծված իրադրությունը խոչընդոտներ է առաջացնում բեռնատարների մուտքի եւ դրանց մաքսային սպասարկման գործընթացների համար, ինչը կարող է լուրջ հարված հասցնել երկրի պարենային անվտանգությանը:

Մաքսային ծառայությունը հորդորում է ակցիայի բոլոր մասնակիցներին հաշվի առնել մտահոգիչ փաստերը եւ բոլորիս պարենային անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ չխոչընդոտել ՀՀ սահմանին բեռնատարների ելումուտն ու մաքսային սպասարկումը»: