Ստեղծված իրավիճակում Սահմանդրությամբ առնվազն 2 լուծում կա, տեսնենք, ոնց կլինի: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը իրենք դեմ են, իրենք էլ թեկնածու չեն առաջադրում, ո՞րն է ստեղծված իրավիճակում լուծումը:
Լրագրողի դիտարկմանը, թե կարո՞ղ են ասել, որ ՀՀԿ-ն խորհրդարանը լուծարելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհն է բռնել, պատգամավորն ասաց, որ դա քաղաքական նպատակահարմարության հարց է, որին ինքը չի կարող պատասխանել:
«Ես չեմ կարծում, որ նման հետեւություն անելու համար բացարձակ հիմքեր կան, բայց ես չեմ էլ կարող դա բացառել, այսինքն դրանք սահմանադրական լուծումներ են, որոնք պահանջում են քաղաքական գնահատական: Այսինքն դա քաղաքական նպատակահարմարության հարց է ավելի շատ, որովհետեւ իրավական լուծումներ կան բոլոր հնարավոր տարբերակների համար դրանցից յուրաքանչյուրի ընտրությունը ուղղակի քաղաքական նպատակահարմարության հարց է, որը ես չեմ կարող պատասխանել»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը մայիսի 1-ին վարչապետ չի ընտրել միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին, դեմ է եղել ՀՀԿ խմբակցությունը:
Մայիսի 8-ին ԱԺ-ում անցկացվելու է վարչապետի նոր ընտրություն, որտեղ արդեն վարչապետի թեկնածուները կառաջադրվեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի կողմից: Իսկ եթե այս դեպքում էլ չհաջողվի վարչապետ ընտրել, ԱԺ-ն օրենքի ուժով կցրվի:











