Ստամբուլի Քադըքյոյի շրջանի հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու պատին ռասիստական գրառում կատարած եւ եկեղեցու մուտքի մոտ աղբ թափած անձը ձերբակալվել է։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ ոստիկաններին հաջողվել է գտնել եւ ձերբակալել եեկեղեցու վրա ռասիստական գրառում կատարած 45-ամյա Սերդար Ք․ին։
Վերջինս տեղափոխվել է դատարան, որտեղ հայտարարել է, թե դեպքից մեկ օր առաջ Աթաթուրքի նկարն է փակցրել, սակայն հաջորդը օրը տեսնելով, որ այն տեղում չէ, կատաղել է եւ այդ գրառումն արել ու աղբ թափել եկեղեցու մուտքի մոտ։
Դատարանը ստորագրությամբ ազատ է արձակել Սերդարին՝ պարտավորեցնելով շաբաթական 2 անգամ գնալ ոստիկանություն եւ ստորագրել։
Նշենք, որ Սուրբ Թագավոր եկեղեցու դեմ ռասիստական հարձակման հետ կապված հայտարարություն էր տարածել նաեւ Թուրքիայի ՆԳ նախարարը։
«Սուրբ Թագավոր եկեղեցու դեմ հարձակումն անընդունելի է։ Մենք ամեն ինչ անելու ենք հայտնաբերելու եւ պատժելու հարձակումն իրականացնողներին»,-ասել է Թուրքիայի ՆԳ նախարարը։




























