Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 3-ին, մեկնարկել են խորհրդարանի հերթական նիստերը:

Նշենք, որ այս նիստերի օրակարգում ընդգրկված է 12 հարց այդ թվում, Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը, ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հաշտարարության մասին, Դատական դեպարտամենտում ծառայության մասին, Տեղական հանրաքվեի մասին օրինագծերը: Օրակարգում է նաեւ ՀՀ վերահսկիչ պալատի 2017 թվականի տարեկան հաշվետվությունը:

ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի թափուր տեղի համար առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ՝ մայիսի 2-ին, ԱԺ նախատեսված նիստերը չկայացան քվորում չլինելու պատճառով, գրանցվել էր ընդամենը 27 պատգամավոր: «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարել էր. «Երկրում աննախադեպ վիճակ է, «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարում է քաղաքական բոյկոտ եւ այս 4-օրյա աշխատանքներին չի մասնակցելու»: ՆԻստին ներկայացել էին միայն ՀՀԿ խմբակցության պատգամավորները: