«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» այս օրինագծով արգելք է մտցվում ընտրական գործընթացներին, քարոզչությանը, վարչական ռեսուրսների օգտագործման առումով: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ-ում օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ նշեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ գործող օրենսգրքով այդ սահմանափակումը վերաբերում էր միայն հանրային ծառայության հավակնորդներին, մինչդեռ հիմա տարածքում ենք բոլորի վրա: «Այս օրինագծով հստակ կսահմանափակվեն նախընտարական քարոզարշավի ժամանակ վարչական ռեսուրսի օգտագործման հնարավորությունները ոչ միայն թեկնածուների, այլեւ պետական ծառայողների կողմից»,-ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ հաշվի առնելով միջազգային փորձը՝ վարչական ռեսուրս ասելով նկատի ունեն ինչպես ֆինանսական, այնպես էլ նյութական, ոչ նյութական ու այլ ռեսուրսները, որոնք ոչ թե մասնավոր, այլ հանրային բյուջեի մասն են:
Նա նշեց, որ այս օրինագծով կարգելվի նշված ռեսուրսների օգտագործումը այս կամ այն պաշտոնատար անձանց կողմից ընտրությունների անցկացման ժամանակ այս կամ այն թեկնածուին աջակցություն ցուցաբերելու համար: Այսպես՝ կարգելվի օգտագործել հասարակական եւ ծառայողական տրանսպորտը, բյուջեի միջոցները, տարածքները, կապի միջոցները, տեղեկությունները, ինչպես նաեւ այլ կարգի նյութական եւ մարդկային ռեսուրսները:
Դրանից բացի, այս օրինագծով նախընտրական քարոզչություն անցկացնելը կտրականապես կարգելվի դատավորներին, իրավապահ մարմինների աշխատակիցներին, դատախազներին, քննիչներին, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին, բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովների անդամներին, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին, Մարդու իրավունքների պաշտպանին:
Իր ելույթում «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հիշեցրեց, որ «Ծառուկյան» խմբակցությունն առաջարկում էր, որ ուսուցիչներին արգելվի զբաղվել քարոզչությամբ, եւ որ այդ առաջարկը մերժվել է: Նա առաջարկեց միջին լուծում, ընտրություններին մասնակցող կուսակցություններին հնարավորություն տրվի, որ եթե որեւէ ուսուցչի քարոզչությունը խախտել է իր իրավունքը, դիմել դատարան: Իսկ գործող կարգավորումներով, նման բան կարող են անել միայն ընտրական հանձնաժողովները:
ՍԴ անդամի ընտրության քվեարկությունը կանցկացվի վաղը. անհրաժեշտ է 3/5-ի կողմ ձայները











