Հռչակավոր անգլիացի տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի նոր աշխատությունը, որը նա գրել է իր բելգիացի գործընկեր Թոմաս Հերթոգի հետ, եւ որը գլխիվայր շրջում է մեծ պայթյունի եւ դրա հետեւանքների մասին պատկերացումը, հրապարակվել է Journal Of High Energy Physics ամսագրում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ժամանակակից գիտնականների շրջանում տարածված տիեզերքի առաջացման տեսության համաձայն՝ մեծ պայթյունից հետո տեղի է ունեցել «տիեզերական ինֆլյացիա», որի արդյունքում ստեղծվել են բազմաթիվ գալակտիկաներ, աստղեր, ինչպես նաեւ «գրպանային տիեզերքներ», որոնք ձեւավորել են, այսպես կոչված, «մուլտիտիեզերքը» (տերմին, որը բնութագրում է տիեզերքների բազմակերպությունը՝ ի հակակշիռ միայն մեր մեկի): Այս բոլոր «գրպանային տիեզերքներում» ֆիզիկայի օրենքները միմյանցից արմատապես տարբերվում են:

Հոքինգն ու Հերթոգը այս միտքն են վիճարկում: Գիտնականները ենթադրում են, որ բոլոր «գրպանային տիեզերքներում» ֆիզիկայի օրենքները նման են:

«Հին տեսության մեջ կային բոլոր տեսակների տիեզերքները՝ մի մասը դատարկ էր, մյուսները նյութով լցված, մի մասը չափազանց արագ էր ընդարձակվում, իսկ մյուս մասը չափից ավելի դանդաղ էր գոյատեւում: Տարբերություններն ահռելի էին: Եվ հանելուկային էր թվում, թե մենք ինչու ենք յուրահատուկ տիեզերքում բնակվում, որտեղ ամեն ինչ նախատեսում է կյանքի ծնունդը»,- Հերթոգին մեջբերել է Guardian-ը:

«Այս աշխատությունը մեկ քայլ առաջ է կատարում նման ճշգրիտ կարգավորման պարզաբանման հարցում: Այն մուլտիտիեզերքը հանգեցնում է տիեզերքների ավելի կառավարելի լրակազմի, որոնք մեկը մյուսին նման են… Սա հույս է տալիս, որ մենք կարող ենք հասնել տիեզերագիտության ամբողջությամբ կանխատեսելի հիմքերին»,- եզրակացրել է գիտնականը:

Ինչպես նշում է Telegraph պարբերականը, Հոքինգի եւ Հերթոգի տեսությունը հենվում է այն հայեցակարգի վրա, որ տիեզերքը նման է «ընդարձակ եւ բարդ հոլոգրամի»: «Այլ կերպ ասած՝ եռաչափ իրականությունը պատրանք է, եւ մեր շուրջը «ամուր» թվացող աշխարհը, ինչպես նաեւ ժամանակի տարածությունը պրոյեկտվում են այն տեղեկությունից, որը պահպանվում է հարթ երկչափ մակերեւույթին»,- նշում է պարբերականը:

Ինչպես նշում է Հոքինգի Քեմբրիջի համալսարանի գործընկեր Մալքոլմ Փերին, այս աշխատությունը չի լինի հայտնի անգլիացի ֆիզիկոսի վերջին հրապարակված աշխատությունը Փերին ասել է, որ Հոքինգի եւ Հարվարդից Էնդրյու Սթրոմինգերի հետ աշխատել է սեւ անցքերի վերաբերյալ առնվազն եւս երկու հետազոտությունների վրա: Այդ աշխատությունները հրապարակման են պատրաստվում:

Հոքինգը մահացել է այս տարվա մարտին 76 տարեկանում: Նա տասնամյակներ շարունակ եղել է ամենահայտնի ժամանակակից ֆիզիկոսն ու գիտության տարածողը՝ այդ ընթացքում պայքարելով անբուժելի հիվանդության՝ կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի դեմ: