Մենք բոլորս համարում ենք, որ այս իրավիճակը վերջնականապես լուծված չի, քանի դեռ արտահերթ ընտրություններ տեղի չեն ունեցել: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ ընդգծել, որ խոսքը նրա մասին չէ, թե ես կնշանակվեմ վարչապետ, թե չեմ նշանակվի, խոսքը ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու մասին է: Երեկ եղել է հայտարարություն, կարծում եմ՝ մեր քաղաքացիները գնահատում են իրավիճակը, եւ եթե անհրաժեշտություն լինի, մեր կազմակերպչական ռեսուրսները եւ մթնոլորտը բավարար են, որ մեր գործողությունները շարունակվեն»,- ասաց նա:

Փաշինյանը հույս ունի, որ այս անգամ խորհրդրարանում նախորդ իրավիճակը չի կրկնվի, բայց իրենք պատրաստ են ցանկացած զարգացման:

Նա ՀՀԿ-ի հետ աշխատանքը պատկերացնում է քննարկումների մթնոլորտում, աշխատանքային մթնոլորտում. «Ես ուզում եմ արձանագրել մի բան, որ նոր վարչապետն ընտրվում է առանց նախապայմանների, իսկ, ընդհանուր առմամբ, մեր նպատակը համերաշխության մթնոլորտի ձեւավորումն է, եւ այդ նպատակին հասնելու համար մենք կանենք կոնկրետ քայլեր՝ կախված տվյալ պահին հաստատված քաղաքական իրավիճակից»:

«Ելք» խմբակցության ղեկավարի կարծիքով՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար ընդունելի ժամկետներ կան իրենց համար, սակայն այդ հարցի վերաբերյալ պետք է ունենալ ընդհանուր ըմբռնում, եւ չպետք է մեկի կարծիքը պարտադրվի մյուսին:

Ապագա կառավարությունում նշանակումների մասով հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ նշանակումները կարվեն օրենքով սահմանված ժամկետում, օրենքով սահմանված կարգով: