ԱԺ պատգամավոր, «Ծառուկյան» խմբակցության անդամ Իշխան Զաքարյանի գրասենյակը տարածել է հայտարարություն՝ արձագանքելով մամուլում իր ու Գագիկ Ծառուկյանի հարաբերությունների մասին լուրին:
Նա նշել է, որ իրականությանը չի համապատասխանում տեղեկությունը, թե Գագիկ Ծառուկյանը մտադիր է հասնել նրան, որ խմբակցության անդամ Իշխան Զաքարյանը վայր դնի պատգամավորական մանդատը:
«ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Զաքարյանը 2017 թվականի սեպտեմբերի 11-ին «newsbook.am» կայքին տված հարցազրույցի ժամանակ հստակ եւ սպառիչ պատասխանել է իր եւ Աժ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած հարաբերություններին վերաբերող հարցին:
Ավելացնելու ոչինչ չկա»,-ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ժամանակ» թերթի փոխանցմամբ, «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը մտադիր է հասնել նրան, որ խմբակցության անդամ Իշխան Զաքարյանը վայր դնի պատգամավորական մանդատը: «Ծառուկյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցությունը մեկ մարդու նման կողմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, բայց Զաքարյանը խորհրդարան չգալով՝ ցույց տվեց, որ ինքը ղեկավարվում է այլ տեղից: Փաստորեն, Զաքարյանը ոչ միայն պաշտոն չի ստանա, այլեւ կզրկվի ունեցած մանդատից էլ»,-գրել էր թերթը:




























