Ռուսաստանի դերը Հայաստանի անվտանգության ապահովման գործում բացառիկ է, և դա գիտակցում են ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Այսպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ, ԱՄՆ Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի հրավիրված գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը:
Նրա խոսքով՝ Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովը, որը կասկածով է մոտենում հետխորհրդային տարածքում զանգվածային բողոքի ակցիաներին, Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ վերջինս առաջարկում է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Մարկեդոնովը նաև նկատել է, որ տարբեր երկրների տարբեր քաղաքական գործիչներ տարբեր շրջաններում Ռուսաստանի նկատմամբ այս կամ այն հայտարարությամբ են հանդես եկել, որոնք, սակայն, ժամանակի հետ փոխվել են։
«Նորմալ է, երբ ընդդիմադիր գործիչը քննադատում է իշխանություններին, քանի որ հենց դա է նրա անմիջական գործառույթը»,–պարզաբանել է քաղաքագետը։
Միաժամանակ, փորձագետի կարծիքով, Արևմուտքը ի տարբերություն Ռուսաստանի ոչինչ չի առաջարկում Հայաստանին։ Նա հիշեցրել է, որ Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ է և Երևանին առաջարկել այդ դաշինքի անդամ դառնալ Արևմուտքը չի պատրաստվում։ Նա նաև հավաստիացրել է, որ ԱՄՆ–ում չեն պատրաստվում փչացնել իրենց հարաբերությունները Թուրքիայի հետ հանուն Հայաստանի։
Բացի այդ, Մարկեդոնովի կարծիքով, Եվրոպան, իր հերթին, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընտրություն չի կատարի, քանի որ Բաքուն ավելի հետաքրքիր է Բրյուսելի համար, քանի որ այն դիտարկվում է երկնագույն վառելիքի մատակարարման համատեքստում Ռուսաստանին այլընտրանք։
Հարցին, թե կարող է Ռուսաստանը ընտրություն կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև և վերջինիս դադարեցնել զենք մատակարարել, Մարկեդոնովն ասել է, որ Բաքուն Մոսկվայի համար կարևոր գործընկեր է, քանի որ Ռուսաստանը սահմանակցում է Ադրբեջանի հետ, իսկ հարևաններին չեն ընտրում։



























