Եվրոպայի երկրները դեռեւս հուսով են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացնել ծրագիր, որը կփրկի իրանական միջուկային համաձայնագիրը: Միեւնույն ժամանակ, նրանք սկսել են աշխատել ԵՄ-ի եւ Իրանի միջեւ գործարար հարաբերությունները պաշտպանելու ուղղությամբ, եթե Թրամփը որոշի դուրս գալ համաձայնագրց, հաղորդում է Reuters- ը`վկայակոչելով աղբյուրներին:

Թրամփը, որը այս համաձայնագիրը համարում է «աղետ», գրեթե որոշել է դուրս գալ դրանից, ինչի մասին կհայտարարի մայիսի 12-ին, նշում են ԱՄՆ պաշտոնյաները: Նա նաեւ կարծես թե պատրաստվում է մերժել խնդիրների լուծման համար գործադրվող  եվրոպական ջանքերը:

Սակայն Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան ձգտում են Սպիտակ տանը առանձին քաղաքական համաձայնագիր ներկայացնել, որը պարտավորեցնում է ավելի կոշտ վերաբերմունք ցուցաբերել Իրանի նկատմամբ, եթե նրանք կարողանան ժամկետների առումով պայմանավորվել Պետդեպարտամենտի հետ:

«Մենք փորձում ենք ճիշտ բանաձեւեր գտնել, որոնք համապատասխանում են ամերիկացիների ակնկալիքներին, բայց միեւնույն ժամանակ չեն հակասում այս համաձայնագրին», - ասել է բարձրաստիճան եվրոպացի դիվանագետը: «Համաձայնություն ձեռք բերելու հնարավորություն կա, բայց ես համոզված չեմ, որ դա բավական կլինի, որպեսզի ԱՄՆ-ի դուրս գալը կանխվի», - ասել է դիվանագետը:

Թրամփը պահանջում է, որ Իրանը միջազգային տեսուչներին ռազմական օբյեկտների հասանելիություն ապահովի: Եվրոպացիներն ասում են, որ դա արդեն նախատեսվում է սկզբնական համաձայնագրում:

«ԱՄՆ-ն կարծում է, որ ստուգման մասին դրույթները բավարար չեն, եվրոպացիները համաձայն չեն դրա հետ», - ասել է քննարկումներին մասնակցող երրորդ դիվանագետը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շարունակում են համոզել Թրամփին, որպեսզի նա մտքափոխվի: Միեւնույն ժամանակ նրանք ջանքեր են գործադրում ձախողման եւ հետագա վտանգավոր վակուումի հաղթահարման դեպքում: