Սրտի արատով տառապող 1,5 տարեկան փոքրիկ հայուհու՝ Վիրսավիա Մխիթարյանցի առողջությունը ներկայումս բավարար է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց աղջկա մայրը՝ Դարիա Մխիթարյանցը։
Նա նաեւ հայտնեց, որ շնորհիվ Նովոռոսիյսկի քաղաքային վարչակազմի աջակցության՝ երեխան ստացել է բուժման համար անհրաժետ թանկարժեք դեղամիջոցները։ Դարիա Մխիթարյանցը հայտնեց նաեւ, որ փոքրիկ աղջկան այլ մարդկանց թվում ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաեւ հայտնի երգիչ Ավրաամ Ռուսսոն։ «Նա մեզ հետ հանդիպել է Մոսկվայում եւ անձամբ ինձ հանձնել գումարը»,- նշել է երեխայի մայրը։
Դարյա Մխիթարյանցը նշեց, որ Վիրսավիան դեռեւս դեղեր է ընդունում, եւ վիրահատության օրը որոշված չէ:
Նշենք, որ փոքրիկ Վիրսավիան տառապում է սրտային անոմալիայով. նրա սիրտը բաբախում է ոչ թե կրծքավանդակում, այլ դրանից դուրս՝ փորի վրա։ Օրգանը ոչնչով ծածկված չէ եւ գտնվում է բառացիորեն մաշկի տակ։ Երեխայի ծնողները ամուսնալուծված են։ Աղջկա հայրը՝ Արթուր Մխիթարյանցը, թմրամոլ է։ Դարիա Մխիթարյանցը հրաժարվեց մեկնաբանել հարցի այս կողմը, միայն ասաց, որ «նա շատ է սիրում երեխային, սակայն օգնել, ինքներդ եք հասկանում, ի վիճակի չէ»։ Արթուր եւ Դարիա Մխիթարյանցները համատեղ կյանքով ապրել են 4 տարի։




























