Մենք չենք ունեցել նման քննարկում: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր նոր ձեւավորվելիք կառավարությունում իրենց գործունեությունը որտեղ են պատկերացնում:
Դիտարկմանը, թե մայիսի 8-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ, կազուս է առաջանում, քանի որ ԱԺ-ում արդեն ընդդիմություն չի լինելու, ինչը կանոնակարգ օրենքի պահանջ է, Մարուքյանը պատասխանեց, որ հիմա որեւէ բան չեն քննարկում. «Դա կլինի, ժողովրդական լեզվով ասած, ձուկը ջրում խոսակցություն: Մայիսի 8-ին բոլորիս հույսով Նիկոլ Փաշինյանը կընտրվի վարչապետ, որից հետո արդեն կխոսենք բոլոր հարցերի վերաբերյալ»,- ասաց նա:
Մարուքյանը նկատեց, որ ըստ էության, ֆորս-մաժորային իրավիճակ է, եւ պարզ չէ՝ ով է կայուն մեծամասնությունը, պարզ չէ՝ ինչ է կատարվում:
«Բայց միջազգային պրակտիկայում հետեւյալ օրինակը կա, որ նա (Փաշինյանը-խմբ) լինելու է փոքրամասնության վարչապետը: Այսինքն երբ երեք ուժեր նրան առաջադրել են, եւ չորրորդ ուժը, որ այս պահին ունի մեծամասնություն, ինչ-որ թվով ձայներով աջակցում է, որ երկիրն ունենա վարչապետ: Ձեւավորվում է Կառավարություն, որը կոչվում է փոքրամասնության կառավարություն, որը ժամանակավոր բնույթ է կրելու: Այսինքն իր առջեւ խնդիրներ է դրել, որոնք կփորձի հերթով լուծել»,-ընդգծեց Մարուքյանը:
Նա վստահություն հայտնեց, որ ժամանակավոր կառավարությունը կկարողանա լուծել այդ խնդիրները, որոնց շարքում են Ընտրական օրենսգիրքը նախապատրաստելն է արտահերթ ընտրություններին եւ մինչ այդ ապահովել երկրի կայունություն եւ զարգացում:
Հարցին, թե ինչպե՞ս են կարողանալու փոփոխել ընտրական օրենսգիրքը, երբ այն փոխելու համար պետք է ԱԺ-ի 3/5-ի աջակցությունը, Մարուքյանը նկատեց, որ դա պետք է արվի բանակցությունների արդյունքում. «Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, անհնար բան չկա, բանակցությունների արդյունքում, ես կարծում եմ՝ հնարավոր է նաեւ հասնել սահմանադրական օրենքների փոփոխությունների, այլապես ճգնաժամը կշարունակվի: Ավելին, Ամերիկայում շատ է եղել իրավիճակ, երբ երկրի ղեկավարը կորցրել է մեծամասնությունը Կոնգրեսում, Սենատում եւ նա սկսել է օգտագործել իր Executive Power-ը, այսինքն գործադիր իշխանության ուժը: Շատ բաներ Փաշինյանի կառավարությունը կարող է անել, փոփոխություններ իրականացնել մեր առօրյա կյանքում՝ չգալով խորհրդարան: Ժամանակը կգա կտեսնեք»:
Նա տեղեկացրեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետների վերաբերյալ քննարկումներ չեն եղել դեռ. «Իմ համոզմամբ, պետք է արդարության բոլոր պայմաններն ապահովվեն, նոր լինեն ընտրություններ»:











