Իրանն աշխարհում ԱԷՄԳ-ի կողմից ամենաշատ ստուգվող երկիրն է, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Իսրայելի տեղեկությունները Իրանի միջուկային գործարքում իբր ռազմական բաղադրիչի պահպանման մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ դեռեւս 2015 թվականին ԱԷՄԳ-ը փակել է իրանական միջուկային ծրագրի ենթադրյալ ռազմական բաղադրիչների վերաբերյալ դոսյեն: Զախարովան նշել է, որ իրանական միջուկային ծրագրի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրականացմանը վերաբերող ցանկացած խնդիր կարող է քննարկվել բացառապես «վեցյակի» եւ Իրանի հանձնաժողովի շրջանակում:
«Իրանում ԱԷՄԳ-ի ստուգումներին վերաբերող բոլոր հարցերը պետք է լուծվեն միայն գործակալության գործիքակազմի շրջանակում: Միջուկային համաձայնագրի իրականացմանը վերաբերող ցանկացած խնդիր կարող է քննարկվել բացառապես «վեցյակի» եւ Իրանի համատեղ հանձնաժողովի անդամների կողմից»,- հայտնել է նա:
Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելի տրամադրության տակ են հայտնվել 100 հազար փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Իրանի միջուկային ծրագիրն ունեցել է գաղտնի ռազմական բաղադրիչ՝ «Ամադ նախագիծ» գաղտնագրված անվամբ: Նեթանյահուն պնդում էր, որ Իրանն իր միջազգային պարտավորութուններն արդեն նրանով է խախտել, որ ծրագրի մասին տեղեկությունները թաքցրել է եւ դրանք պահել ապագայում օգտագործելու հաշվարկով:




























