Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակների եւ թոքաբորբերի առումով համաճարակային իրավիճակը համեմատաբար հանգիստ է:

Առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայումս հանրապետության ողջ տարածքում իրականացվում է սուր շնչառական վարակների օրական մոնիտորինգ, որի տվյալներով` սուր շնչառական վարակներով հիվանդացությունը, 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, գտնվում է միեւնույն մակարդակի վրա:

Ինչ վերաբերում է շտապ օգնության կանչերին, ապա տոնական օրերի համեմատ ներկայումս սուր շնչառական վարակներով պայմանավորված կանչերը կազմում են ընդհանուր կանչերի միայն 10 տոկոսը (60-70 տոկոսի փոխարեն):

2011 թվականին, 2010-ի միեւնույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են հանրապետության հիվանդանոցներ հոսպիտալացված թոքաբորբերի դեպքերը: Վերակենդանացման բաժանմունքներ հոսպիտալացված թվով 9-ը թոքաբորբի դեպքերն ունեն առողջացման դրական շարժ:

Սկսած 2010 թվականի հոկտեմբերից` հանրապետության դպրոցներում եւ նախադպրոցական կազմակերպություններում իրականացվում է ջերմային ռեժիմի մոնիտորինգ:

Պարզաբանվում են բացակայության պատճառները, իսկ հիվանդացության բարձրացման դեպքում իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ:

Հետագայում համաճարակային իրավիճակի բարդություններից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից շարունակվում են սուր շնչառական վարակների կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները: Իսկ գրիպով կամ սուր շնչառական վարակներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է`
խուսափե´լ հիվանդների հետ շփումից,
եթե հիվանդ եք, ապա մնացե´ք տանը,
եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, ինքնաբուժմամբ չզբաղվել,
հագնվել եղանակին համապատասխան,
պահպանել հազի և/կամ փռշտալու վարվելակարգը,
օգտագործել հնարավորինս շատ հեղուկ,
հաճախակի օդափոխել փակ տարածքները: