Instagram-ում լուսանկարների փոխանակման օգտատերերը հայտնում են նոր գործառույթի հայտնվելու մասին, որը թույլ է տալիս վարկային քարտերը միացնել պրոֆիլին եւ ծառայությունների ու ապրանքների համար դրանով վճարել՝ առանց վաճառողի կայք մտնելու:

TechCrunch-ը հայտնում է, որ գործառույթը թեստավորման ռեժիմում է եւ ներկայումս ԱՄՆ-ում հասանելի է սահմանափակ թվով օգտատերերի ու հավելվածի գործընկերների: Թեստավորման մասնակիցներից մեկն է դարձել Resy հավելվածը՝ ռեստորաններում սեղանների օնլայն ամրագրման ծառայությունը:

Instagram-ը միակ հավելվածը չէ, որը փորձում է ներդնել ներկառուցված վճարումների գործառույթը: Փետրվարին Snapchat-ը սկսել էր համանման համակարգ թեստավորել:

Մայիսի 1-ին եւ 2-ին Սան Խոսեում (Քալիֆորնիա նահանգ) տեղի էր ունեցել Facebook F8 ամենամյա համաժողովը, որի ժամանակ հայտարարվել էր փոփոխությունների մասին, որոնք կառնչվեն Instagram-ին (Facebook-ը ընկերության սեփականատերն է): Այսպես՝ ծառայությունում կհայտնվի տեսազանգի գործառույթը եւ ֆիլտր, որը թույլ կտա պայքարել կիբեռբուլինգի դեմ: Ծառայության լսարանը հասնում է 700 մլն օգտատերերի: