Մայրաքաղաքի արդյունավետ կառավարման նպատակով անհրաժեշտ է, որ Երեւանի անձնագիր ստեղծվի: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին նշել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը՝ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի հետ հանդիպման ժամանակ:
«Երեւանը պետք է ունենա իր անձնագիրը, որտեղ ամբողջությամբ ներկայացված կլինի ողջ մայրաքաղաքը` բնակչության, ՀՆԱ-ի ցուցանիշները, տնտեսության բոլոր ճյուղերը, սպասարկման օղակները»,- ընդգծել է Երեւանի քաղաքապետը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Գերմանիայի դեսպանի հետ քաղաքապետի հանդիպման նպատակը երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի քննարկումն էր:
Ողջունելով հյուրին` Կ. Կարապետյանն ընդգծել է, որ համագործակցության նոր որակ եւ ընթացք պետք է ստանան Երեւանի քաղաքապետարանի եւ գործընկեր քաղաքների միջեւ ձեւավորված հարաբերությունները:
Կարեւորելով միջազգային փորձի փոխանակումը քաղաքային տնտեսության կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում` Կարեն Կարապետյանը նշել է, որ քաղաքապետարանը պատրաստ է ընդառաջել մայրաքաղաքի զարգացմանն առնչվող բոլոր առաջարկություններին եւ նախաձեռնություններին:
Հանս-Յոխեն Շմիդթը պատրաստակամություն է հայտնել նպաստել երկու երկրների քաղաքների միջեւ ինչպես ոլորտային, այնպես էլ գործարար կապերի զարգացմանը:





























