Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հրավերով, այսօր՝ հունվարի 18-ին պետական այցով Հունաստան ժամանած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք քննարկել են հայ-հունական բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակաբար զարգացման, առեւտրատնտեսական, ռազմական, մշակութային եւ այլ ոլորտներում համագործակցության խորացման, ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում փոխգործակցության ակտիվացման, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային հարցեր, անդրադարձել` ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումներին:
ՀՀ նախագահի Հունաստան կատարած պետական այցի շրջանակներում տեղի է ունեցել նաեւ փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Մասնավորապես, ստորագրվել են «ՀՀ պաշտպանության նախարարության եւ Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության միջեւ ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր», «ՀՀ կառավարության եւ Հունաստանի կառավարության միջեւ կրթության, գիտության եւ մշակույթի բնագավառներում 2011-2013թթ. համագործակցության մասին ծրագիր», «ՀՀ մշակույթի նախարարության եւ Հունաստանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության միջեւ 2012 թվականին` Հունաստանում «Հայկական մշակույթի օրեր» եւ 2013 թվականին` Հայաստանում «Հունական մշակույթի օրեր» կազմակերպելու եւ անցկացնելու մասին փոխըմբռնման հուշագիր»:
Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Կարոլոս Պապուլիասը հանդիպման արդյունքներն ամփոփել են լրագրողների հետ ունեցած համատեղ ճեպազրույցում:
Պետական այցով Հունաստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն այսօր կայցելեն նաեւ «Ակրոպոլիս» թանգարան, իսկ երեկոյան Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի անունից` ի պատիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ տիկին Ռիտա Սարգսյանի, կտրվի պետական ընթրիք:





























