Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը խոստովանել է, որ պաղեստինցիներն իրավունք ունեն սեփական պետություն ունենալ՝ Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: Համապատասխան հայտարարությունը նա արել է Երիքովում՝ Պաղեստինյան ինքնավարություն կատարած այցի ընթացքում:

«Մենք աջակցել եւ աջակցելու ենք պաղեստինյան ժողովրդի անքակտելի իրավունքը՝ Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքում անկախ, տարածապես միացյալ, կենսունակ պետություն ունենալ»,- ըստ «ՌԻԱ-Նովոստի»-ի, ասել է նա:

Նա նշել է նաեւ, որ մերձավորարեւելյան խաղաղ կարգավորման համար Իսրայելը պետք է դադարեցնի բնակավայրերի կառուցումը Հորդանան գետի արեւմտյան ափին:

Այսկերպ, Մեդվեդեւը հասկացրել է, որ Մոսկվան հանդես է գալիս 1967թ. սահմաններով պաղեստինյան պետություն ստեղծելու օգտին:

Միեւնույն ժամանակ նա հայտարարություն չի արել, թե Ռուսաստանը ճանաչում է  անկախ Պաղեստինը: Հենց դա էին նրանից ակնկալում արաբները եւ դրանից էին վախենում իսրայելցիները: