Հավայիի Մեծ կղզում գտնվող Կիլաուեա հրաբխի ժայթքման հետեւանքով լավան ոչնչացրել է 5 տուն, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Ժայթքմամբ պայմանավորված՝ տարհանվել է մոտ 1,7 հազար մարդ:
Հինգշաբթի հրաբխի եզրերին 8 ճեղք է բացվել, յուրաքանչյուրը մի քանի 100 մետր երկարությամբ: Դրանք բոլորը տեղակայված են գյուղական վայրերում, բնական աղետի էպիկենտրոնում է եղել Լեիլանի-Էսթեյթս բնակավայրը: Դրանցից երկուսն ակտիվորեն լավա են արտաժայթքում, մյուսներից գոլորշի ու գազ է դուրս գալիս: Տեղացիներին նախազգուշացնում են օդում ծծումբի երկօքսիդի բարձր մակարդակի վտանգի մասին:
Կիլաուեան համարվում է աշխարհի ամենաակտիվ գործող հրաբուխներից մեկը:











