Իրանը բողոք է հայտնել 2001-ի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում ահաբեկչությունների հետեւանքով զոհվածների ընտանիքներին Թեհրանի կողմից միլիարդավոր դոլարների փոխհատուցում վճարելու մասին ամերիկյան դատարանի վճիռը։ Այս մասին հայտնում է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին, փոխանցում է ՌԲԿ-ն։

«Դատավճիռն անընդունելի է ու մերժվում է։ Դա  ծաղրանք է ոչ միայն միջազգային իրավունքի համակարգի հանդեպ, այլեւ ծաղրանք է ամերիկյան ժողովրդի՝ հատկապես զոհերի ու նրանց ընտանիքների հանդեպ»,- հայտնել է Հասեմին։ Նրա խոսքով՝ դատական իշխանությունները «փորձում են վերաշարադրել պատմությունը»։ Հասեմին հավելել է, որ Իրանի կառավարությունը «իրեն իրավունք է վերապահում հակազդել այդ ապօրինի գործընթացին»։

Մայիսի 2-ին Նյու Յորքի դատարանը որոշել է, որ Իրանը պարտավոր է 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների զոհերի ընտանիքներին վճարել  4․25 մլն-ից մինչեւ 12․5 մլն դոլար փոխհատուցումներ։ Դատարանը Իրանին, Իսլամական հեղափոխության պահակների կորպուսին ու Իրանի ԿԲ-ին է պատասխանատու համարել 1008 մարդու մահվան համար, որոնց ընտանիքները դատարան էին դիմել։

ԱՄՆ դատարանը Իրանին պարտավորեցրել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հարազատներին միլիարդ դոլար փոխհատուցում վճարել