Ռուսաստանը պետք է անհանգստանա արտասահմանում ռուսների իրավունքների պաշտպանությամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) խմբակցության ղեկավար Իգոր Լեբեդեւը՝ հունվարի 17-ին ՌԴ նախագահի՝ երկրի խորհրդարանի վերին եւ ստորին պալատների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
Լեբեդեւը նշել է, որ օրինակ Լատվիայի եւ Էստոնիայի բնակչության 25 տոկոսը մինչ օրս քաղաքացիություն չեն ստացել, Թուրքմենստանում միայն մեկ դպրոցում է կրթությունը ռուսերենով, Հայաստանի խորհրդարանում ոչ մի ռուս պատգամավոր չկա (նշենք, որ Հայաստանում ռուսների թիվն աննշան է), իսկ Ադրբեջանում կա միայն մեկ ռուս պատգամավոր, այն էլ Ադրբեջանի նախագահի մերձավորն է:
Լեբեդեւը «տակառ է գլորել» նաեւ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմը, ով ըստ նրա, խոստացել էր ռուսերենին տալ պետական լեզվի կարգավիճակ, սակայն ընտրվելուց հետո հրաժարվեց այդ մտքից:
ՌԼԴԿ ներկայացուցիչն առաջարկեց հետաքննություն անցկացնել եւ պօարզել, թե քանի ռուս պաշտոնյա է աշխատում «բուն ռուսական» Ռոստովի, Ստավրոպոլի եւ Կրասնոդարի երկրամասերում:
«Պաշտոնների 70-80 տոկոսը զբաղեցնում են հայերը, ադրբեջանցիները, ադիգեյները, բայց ոչ ռուսները»,- վրդովված նշել է ազգայնական պատգամավորը:
Լեբեդեւն առաջարկել է «նահանգայնացնել» Ռուսաստանը, այսինքն վերացնել ազգային հանրապետությունները: Բացի այդ, ՌԼԴԿ-ն առարակում է փոփոխել երկրի Սահմանադրության նախաբանը: Մասնավորապես «Մենք՝ ՌԴ բազմազգ ժողովուրդը» բառերի փոխարեն գրել. «Մենք՝ ռուսներս եւ ՌԴ այլ բազմազգ ժողովուրդները» արտահայտությամբ:
«Ահա թե ով էր այդ հանդիպմանը ազգամիջյան պառակտում հրահրողը»,- այս առնչությամբ գրել է «Կոմսոմոլսկայա պրավդան»:





























